Թուրք ընտրողների որոշումը՝ օժտել աննախադեպ լիազորություններով ավտորիտար նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին երկիրը վերածելու ընտրական բռնապետության, աղետ է Արևմուտքի համար՝ գրում է Օուեն Մեթյուզը The Daily Mail-ում: Էրդողանը փաստացի միացավ Վլադիմիր Պուտինին իբրև նոր ավտորիտար առաջնորդ Եվրոպայի արևելյան սահմանի մոտ:
Դա նշանավորեց ԵՄ-ի դարակազմիկ ձախողումը, որ տարիներով բանակցում էր Թուրքիային դեպի ԵՄ տանելու համար և ի հետևանս տեսնում է՝ ինչպես է երկիրը նորից գլորվում բռնությունների ու ավտորիտարիզմի հորձանուտը: Դա աղետ է գլոբալ կայունության համար: Եթե Թուրքիային չի հաջողվում դառնալ գործող ժողովրդավարություն, ի՞նչ սպասել տարածաշրջանի մյուս երկրներից: Ինչպես Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում, Էրդողանն օգտագործեց ազգային անվտանգությունը իբրև արդարացում ոչ միայն ահաբեկիչների դեմ կիրառվող կոշտ միջոցների, այլև խոսքի ազատության ու քաղաքական ընդդիմախոսների: Թուրքիայի նախագահը իր վարկանիշը պահում է ԶԼՄ-ների խիստ վերահսկողության շնորհիվ: Թեպետ նա ամբողջությամբ չի փակել ռադիոկայանների ու հեռուստակայանների թթվածինը, ի տարբերություն իր ռուս բարեկամի ու դաշնակցի, թուրքական դատարանները հաջողությամբ փակել են ընդդիմադիր թերթերն ու հեռուստաալիքները: Քաոսի մասին նախազգուշացումը և ազգային հզորության վերականգնումի խոստումը ընդհանուր թեմաներ են Էրդողանի ու Պուտինի համար: Սակայն եթե Էրդողանի կայսերական նկրտումները դրական արձագանք են գտել ներքին լսարանում, նրա ագրեսիվությունը անխուսափելի դարձրեց բախումը Եվրոպայի հետ: Թեպետ Թուրքիան դեռ համարվում է ԵՄ-ի անդամության պաշտոնական թեկնածու, Էրդողանը առավել մեծ քաղաքական շահաբաժին ստացավ Բրյուսելի հետ բանավիճելով, այլ ոչ թե ԵՄ անդամակցությանն անհրաժեշտ բարեփոխումներն առաջ մղելով:
Էրդողանը կարող է կարգավորել միգրանտների հոսքը իր քմահաճույքով և Եվրոպային դեմ է տվել պատին, այդ պատճառով էլ ԵՄ-ն առաջարկեց թուրքերին առանց վիզայի մուտք գործել Եվրոպա, եթե Թուրքիան կանխի Էգեյան ծովով միգրանտների մուտքը Եվրոպա: Եվրոպայի ղեկավարները, նույնիսկ սովորաբար ուղղամիտ Մերկելը, որ չտատանվեց Գերմանիայի տնտեսական վնասի հարցում Պուտինի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելիս 2014-ին Ղրիմի անեքսիայից հետո, խայտառակ լռություն էին պահպանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Էրդողանի Թուրքիայում: Պարզապես նոր միգրանտների ներհոսքի սպառնալիքը նրանց համար չափազանց թունավոր է քաղաքական առումով, նաև մեծացնում է հակաեվրոպական տրամադրությունների նոր ալիքի սադրումը մայր ցամաքում՝ Ֆրանսիայից Հունգարիա, որ կարող է խորտակել ամբողջ ԵՄ-ն: Իր վերջին հանրահավաքներից մեկում Էրդողանն ասաց, որ «այո»-ի տպավորիչ քվեարկությունը դաս կլինի Արևմուտքին: Դա իսկապես էլ ամոթալի դաս է՝ ինչպես Արևմուտքը հավաքականորեն չկարողացավ կանխել իսլամական աշխարհի ամենածաղկուն, ժողովրդավարական ու պլյուրալիստական երկրի վերադարձը դեսպոտիզմին:
Օուեն ՄԵԹՅՈՒԶ, Daily Mail
Հ.Գ. Հանրաքվեում «այո»-ի ու «ոչ»-ի չնչին տարբերությունը, իհարկե, նվազեցրեց Եվրոպային «դաս տալու» Էրդողանի հնարավորությունները: Նա դեռ պիտի իր երկրում հաստատի ԱԶԿ-ի գերակայությունը: Մեծ Բրիտանիայից Թուրքիան գուցե իսկապես էլ թվում էր ամենածաղկուն ու ժողովրդավարական, պլյուրալիստական երկիրը տարածաշրջանում, բայց եթե այդպես լիներ իրականում, թույլ չէր տա դեսպոտիզմի հաստատում, ուրեմն նախորդ ու ներկա գնահատականները համարժեք չեն իրականությանը: ԵՄ-ից դուրս եկող Մեծ Բրիտանիայի համար, իհարկե, ևս մի քար ԵՄ-ի վրա գցելը հաճույք է: Իսկ ԵԱՀԿ դիտորդները կարծում են, որ Թուրքիայի նախագահի լիազորությունները մեծացնող հանրաքվեն անցկացվել է փոփոխությունների կողմնակիցների և ընդդիմադիրների անհավասար հնարավորությունների պայմաններում: Հանրաքվեի տեխնիկական կողմը լավ էր կազմակերպված, բայց ընտրողները չեն ստացել անկողմնակալ տեղեկատվություն բարեփոխումների հիմնական դրույթների մասին, բացասական հետևանք են թողել հիմնական ազատությունների սահմանափակումները: «Ամբողջության մեջ հանրաքվեն չէր համապատասխանում Եվրոպայի Խորհրդի չափանիշներին»՝ հայտարարել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ցեզար Ֆլորինը: ԵԱՀԿ ներկայացուցիչների կարծիքով՝ հանրաքվեն անցել է քաղաքական մթնոլորտում, որտեղ սահմանափակված են ժողովրդավարական գործընթացներին անհրաժեշտ հիմնարար ազատությունները:
«Մեր մոնիտորինգը ցույց է տվել, որ «այո» պատասխանի համար քարոզարշավը իշխում էր ԶԼՄ-ներում, և դա ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտների, լրագրողների ձերբակալությունների ու լրատվամիջոցների փակման հետ, սահմանափակել է ընտրողներին այլ տեսակետների հասանելիությունը» հայտարարել է ԵԱՀԿ-ն: Դիտորդների տվյալներով՝ նահանգապետերը օգտագործել են երկրում գործող հատուկ դրությունը, որ սահմանափակեն ժողովների ազատությունն ու տեսակետների արտահայտումը:
Ընդդիմությունը պնդում է, որ հանրաքվեն անցել է խախտումներով և պատրաստվում է քվեարկության արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում ու Եվրադատարանում: Երեկ հանրաքվեն կայացած համարեց Ընտրական բարձրագույն խորհրդի նախագահ Սադի Գյուվենը: Փոխվարչապետ Նուրեդին Չանիկլին հաղորդեց, որ բոլոր փոփոխությունները մեկ տարում ուժի մեջ կմտնեն: Երեկ նաև Էրդողանը հայտարարություն արեց, որ մտադիր է վերականգնել մահապատիժը, հարկ լինի՝ նոր հանրաքվե կանի: Հայտարարությանն անմիջապես արձագանքեց Փարիզը: Ելիսեյան պալատից հայտարարեցին, որ մահապատժի վերականգնման հարցով հանրաքվեն, որի հնարավորությունն ակնարկեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, կնշանակի եվրոպական արժեքների հետ խզում: Նվազագույնը զարմանալի է, որ Փարիզում նոր են այդ խզումն արձանագրում: «Արժեքները և պարտավորությունները ԵԽ-ի շրջանակներում պետք է ստիպեն թուրքական իշխանություններին ազատ և անկեղծ երկխոսություն վարել քաղաքական ու հասարակական կյանքի բոլոր ներկայացուցիչների հետ»՝ նկատել են Ելիսեյան պալատում ու հավելել. «Հանրաքվեն մահապատժի վերականգնման հարցով կվկայի խզում այդ արժեքների ու պարտականությունների հետ»: Նշանակո՞ւմ է դա, որ Ֆրանսիան ԵԽԽՎ-ում հարց կբարձրացնի Թուրքիայի անդամությունը կասեցնելու մասին: Ապրիլի վերջին ԵԽԽՎ նստաշրջանում կերևա:
Ելիսեյան պալատում նաև ի գիտություն են ընդունել հանրաքվեի պաշտոնապես հայտարարված արդյունքները ու իրենց անհանաձայնությունն են հայտնել՝ ընդգծելով, որ քվեարկության արդյունքները այս կամ այն կերպ վկայում են թուրքական հասարակության երկատվածությունը Սահմանադրության փոփոխությունների հարցում:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Փարիզում ուշադիր կուսումնասիրեն ԵԱՀԿ ու ԵԽԽՎ դիտորդների հաշվետվությունները: ԱԳՆ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որ Թուրքիան ստորագրել է ԵԽ-ին անդամակցելիս: Այդ փաստաթուղթը արգելում է մահապատիժը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ